Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները` եռամսյակային կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև հունիսի 15-ը:

Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել