Այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Այս մասին հայտնում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
«Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: