Հասկացանք՝ թափանցիկություն, բայց քիչ է մնում մեր զինանոցները բացենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Սոֆյա Հովսեփյանին

Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին՝ կապված պատերազմ անցած և այս պահին էլ ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողների հետ, ովքեր որոշակի վերաբերմունք են ակնկալում իրենց տղաների հանդեպ, ասաց․

«Ես ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս եմ հանդիպել ամենատարբեր շահառուների խմբեր ներկայացնող մարդկանց հետ, բայց ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող թեմաները հրապարակային, բաց քննարկելը՝ բոլոր նրբություններով, ամենալավ գաղափարը չէ։ Հասկացանք՝ թափանցիկություն, բայց քիչ է մնում՝ մեր զինանոցները բացենք, ասենք մենք տեղեկություն ունենք, որ այսքան արկ ունենք, մինչդեռ մենք կարծում ենք, որ մենք պետք է ունենայինք չորս հատ ավել։ Ես էդ մարդկանց հետ անընդհատ կապի մեջ եմ, աշխատում ենք, իրենց հետ մեր խոսակցությունը ազնիվ է, անկեղծ է,առանց մութ անկյունների, և մենք այդ աշխատանքը շարունակում ենք։ Եվ էլի իմ կոչն է, որ ազգային անվտանգությունը շոշոփող հարցերը չդարձնել հրապարակային քննարկման առարկա։ Որովհետև թվում է՝ մենք դա անում ենք հանուն կոնկրետ մարդկանց, կոնկրետ շահառուների խմբերի համար, բայց այդ քննարկումներով առաջին սպառնալիքը ստեղծում ենք հենց այդ մարդկանց համար, ում թվում է, թե մենք ուզում ենք իրենց համար լավ բան անել։ Ընդհակառակը, մենք կոնկրետ սպառնալիք ենք ստեղծում այդ մարդկանց համար և սա նորություն չէ։ Եվ ցավոք սրտի, դա դառնում է պրակտիկա՝ հատկապես ձեզ հայտնի որոշակի խմբի մարդկանց համար»։

Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով պատասխանին, ասաց․

«Պարոն Փաշինյան, հարցիս ձևակերպումը այնպիսին էր, որ ազգային անվտանգության հետ կապված պատասխան չէր ակնկալում, և ես գոնե շատ լավ տիրապետում եմ այդ ամենին և իմ կոչն է մշտապես եղել շատ զգույշ մոտենալ այդ հարցերին և չտալ այնպիսի պատասխաններ, որոնք կարող են վտանգել։ Հարցն այնպես էր ձևակերպված, որ շատ հանգիստ կարելի էր ասել, օրինակ, քննարկվում է, և եթե ընթացք լինի, կտեղեկացնենք տանեցիներին։ Այսինքն՝ օրակարգում հարցը կա»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Եթե հարցի պատասխանի ձևակերպումն ունեք, անհասկանալի է, թե ինչի համար եք հարցը տալիս»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել