Covid-անվտանգ տուրիզմը՝ Վրաստանում․ ինչպես կարելի է գնալ հարևան երկիր

Վրաստանում մայիսի 6-ին մեկնարկել է տուրիստական սեկտորի ներկայացուցիչների պատվաստման գրանցման գործընթացը: Պատվաստումը լինելու է կամավոր, սակայն վարակաբանները գտնում են՝ առավելագույն «կանաչ» տուրիզմ ապահովելու համար անհրաժեշտ է, որ այս ոլորտի ներկայացուցիչները պատվաստվեն:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Կառավարությանը պետք է ներկայացվեն հյուրանոցների, ռեստորանների, ծառայության ոլորտի պատվաստվել ցանկացող ներկայացուցիչների ցուցակները: Տուրիստական սեկտորում աշխատողները կպատվաստվեն չինական Sinopharm տեսակի պատվաստանյութով: Նրանց, ինչպես նաև այլ քաղաքացիների համար մշակվում են հատուկ քիվիդ անձնագրեր, որտեղ կլինի ողջ անձնական տեղեկությունը պատվաստման մասին:

Վրաստանը զբոսաշրջիկների համար առավել ապահով դարձնելու նպատակով մշակվում է հատուկ ծրագիր: Հարցի հետ կապված օրեր առաջ խոսել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

«Հավանաբար, զբոսաշրջիկներին կհատկացվեն անհատական QR կոդեր, որոնցով կվերահսկվի՝ պատվաստվա՞ծ են արդյոք ամբողջական՝ երկու չափաբաժնով (մեկանգամյա պատվաստումը չի պաշտպանում, հետևաբար՝ չի էլ հաշվվում), արդյո՞ք հանձնել են PCR թեստ վերջին 72 ժամվա ընթացքում, արդյո՞ք հիվանդացել են կորոնավիրուսով նախկինում: Այս ամենը հատուկ պորտալում կհրապարակվի ու լավ գործիք կլինի մասնավոր սեկտորի աշխատանքի համար»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Ի՞նչ է պետք իմանալ օդային ճանապարհով Վրաստան մուտք գործելու համար. անգլերեն կամ վրացերեն լեզվով հատուկ հաստատված փաստաթուղթ առ այն, որ անձը երկու չափաբաժին պատվաստում է կատարել, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան:

Հաշվի առնելով, որ եվրոպական որոշ երկրներ արգելում են մուտքն այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել ԱՀԿ-ի կողմից ճանաչված պատվաստանյութերով, Ալիք Մեդիան կապվել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հետ ու ճշտել, որ Վրաստանում նման  սահմանափակումներ չկան՝ ցանկացած անձ, ով երկու չափաբաժնով պատվաստվել է ցանկացած պատվաստանյութով, կարող է այցելել Վրաստան: Միայն այս դեպքում է հնարավոր երկիր մուտք գործել առանց հավելյալ պայմանների, մնացած դեպքում գործում են հետևյալ կանոնակարգերը՝ կոնկրետ երկրների համար՝ խոսքը Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիներն ու ռեզիդենտների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասին է.

  • Վրաստան կարող են հասնել միայն ուղիղ` նշված երկրներից` ներառյալ 3-րդ երկրով տարանցիկի իրավունքով
  • Սահմանին պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան` արված ճանապարհորդությունից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը
  • Վրաստան հասնելուց 3 օր անց պետք է իրենց հաշվին հավելյալ թեստավորում անցնեն
  • Սահմանը հատելուց առաջ պետք է հատուկ ձևաթուղթ լրացնել` նշելով 14-օրյա ճանապարհորդությունների ծրագիրն ու կոնտակտային տվյալներ թողնել (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն)
  • Մեծ Բրիտանիայից ժամանողների համար 12-օրյա կարանտինը պարտադիր է, այս դեպքում թեստի պատասխանն ու 3 օր անց հավելյալ թեստավորումը պարտադիր չեն:

Վրաստանում այս փուլում փակ են ցամաքային սահմանները, թեև այս խնդիրը ևս բարձրացվել է կառավարության նիստերից մեկի ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել