Հայաստանում գոմշաբուծությունը զարգացնելու ու եկամտաբեր ճյուղ դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարվելիք լրացումը կնպաստի գոմշաբուծության զարգացման և գոմեշի կաթից բարձրարժեք կաթնամթերքի արտադրության խթանմանը։ Նախագծի ընդունումը կնպաս­տի հանրապետությունում գոմշաբուծությունը դարձնել անասնաբուծության եկամտաբեր ճյուղերից մեկը։

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսած տավարաբուծության համար 3-50 մլն դրամ տրամադրվող սուբսիդավորվող վարկը նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար տրամադրման անհրաժեշտությամբ։

Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Ներկայումս, ըստ հավաքագրված տվյալների ՀՀ-ում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ։ Գոմշաբուծությամբ՝ կաթնամսային ուղղվածությամբ, զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում։ Կենդանին ունի մի շարք առանձնահատկություններ, որով տարբերվում է խոշոր եղջերավոր կենդանիներից: Կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի, հազվադեպ 1500-2000 կգ-ի սահմաններում։ Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և պահվածքի բարելավման միջոցով կարելի է բարձրացնել կենդանիների կաթնատվությունը՝ մինչև 2000-3000 կգ։ Արդյունքում կենդանիներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում։

Այսպիսով, կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվող սուբսիդավորվող վարկ տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։ Սույն նախագծով առաջարկվող լրացումը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպմանը։ Կաթնային գոմշաբուծության արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսած տավարաբուծության համար 3-50 մլն դրամ տրամադրվող սուբսիդավորվող վարկը տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել