Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ արձակվեց

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ։

Այս մասին հայտնում է նրա փաստաբան Դավիթ Կարապետյանը։

Նշենք, որ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Ինչպես արդեն հայտնել ենք, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում են վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառվել։

Փաստաբանը պատմում է, որ մոտ 11։00-ին Հովսեփյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ եկել է Երևան, Քննչական կոմիտե։ Կարապետյանը գնացել է կոմիտե, սակայն շենքում Մենուա Հովսեփյանին «չեն կարողացել գտնել»։

«Պարզվում է՝ ոստիկանությունը միջոցառում պետք է իրականացներ։ Գալիս են ու գաղտնի, որ մենք չտեսնենք, ձեռնաշղթաներ են հագցնում, մարդու քիթը համարյա գետնին կպցրած, քարշ տալով շենքից տանում են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Այսինքն, բերել էին քննիչի մոտ, ոստիկանը գալիս է, քննիչի մոտից գողանում ու տանում է։ Երևանի քաղաքի վարչությունում մեզ հայտնեցին, որ ոստիկանները Հովսեփյանին բերման են ենթարկել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են բերման ենթարկել, եթե անձը արդեն քննիչի մոտ էր»,-պատմում է Կարապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել