Ինչ կարգով և որ դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը

Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով:

Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է, որ Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

  • ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.
  • բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
  • անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

Բացի վերը նշված դեպքերը ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել