Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի ելույթին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։

Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ խոսեց նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին․ այդ թվում՝ ասելով․

«Ռոբերտ Քոչարյանը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիք» հ/ը-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարելի է մի շարք օրինակներ բերել, այս ամենը համադրության մեջ միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել: Իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»: 

Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության և բանակցային տրամաբանությունը: Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է: Իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: Բայց եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես: Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս, այսինքն՝ հույս ես տալի, պիտի՞ արդարացնես այդ հույսը: 

Սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ գիտեք ինչ, մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, մենք պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից: Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը: Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել: Ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-1998 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր:  Չգիտեմ՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վիճում են, թե չեն վիճում, բայց մի 2 տարի առաջ վիճում էին՝ ո՞վ է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին:  

Ի՞նչ պիտի անեին: Այո, ինչ մենք փորձեցինք անել 2019 թվականին՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում, իրենք պետք է անեին 1997-1998 թվականներին, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Եվ մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե մենք բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև Ադրբեջանին զուգահեռ կպատրաստվեինք պատերազմի և ոչ թե զինվորի հացը գողանալով բադեն-բադեններում, եվրոպաներում, փարիզներում դղյակ կառնեինք: 

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 1997-1998 թվականներին եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալի, գործակալների օրոք կարող էր: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Հայաստանի արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այո՛, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահոված լիներ թուրքական գործակալների կողմից:

Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը, նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018 թվականի դրությամբ՝ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է այսպես՝ «Декларация о первом этапе и о дальнейших шагах в Нагорно-Карабахском урегулировании»: 1998 թվականին նրանք համարում էին, որ Ղարաբաղի հարցը չի կարող փուլային տարբերակով լուծվել, և նրանց գործունեության արդյունքում մենք հասանք մի կետի, որտեղ սեղանին դրված է «Декларация о первом этапе и о дальнейших шагах в Нагорно-Карабахском урегулировании»: 

Եվ որտե՞ղ է հետևությունը, որտե՞ղ է եզրակացությունը, որտե՞ղ է վճիռը, որ, այո՛, Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցն օգտագործելով, իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են բադեն-բադեններում, հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտի վրա բանակի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել