Ովքե՞ր են համատիրության անդամները, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպես կարող են դուրս գալ անդամությունից

Համատիրության հիմնադիր են համարվում մինչև համատիրության պետական գրանցման պահը համատիրություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք:

Համատիրության անդամներ են համարվում համատիրության պետական գրանցման պահից համատիրության փայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:

Սա կարգավորվում է «Համատիրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով։

Եթե շինությունն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա ընդհանուր ժողովում նրանց անունից պետք է հանդես գա համասեփականատերերից մեկը` մյուսների համաձայնությամբ:

Եթե շինությունն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա ընդհանուր ժողովում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ իր բաժնին համամասնորեն, կամ նրանց անունից կարող է հանդես գալ համասեփականատերերի լիազորած անձը:

Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, համատիրության անդամներն իրավունք ունեն`

ա) սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել համատիրության կառավարմանը.

բ) սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ համատիրության գործունեության վերաբերյալ.

գ) ցանկացած ժամանակ դուրս գալ համատիրությունից:

Համատիրության անդամներն ունեն նաև սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Օրենքի 24-րդ հոդվածով էլ սահմանվում են համատիրության անդամների պարտավորությունները, ըստ որի

ա) օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարներ և այլ վճարներ.

բ) չհրապարակել համատիրության գործունեության վերաբերյալ առևտրային գաղտնիք ներկայացնող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից.

գ) բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները:

Համատիրության անդամները կրում են նաև սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

25-րդ հոդվածով սահմանվում է, որ համատիրությանը կարող է անդամակցել տվյալ համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի (շենքերի), շինության ցանկացած սեփականատեր:

Համատիրությանն անդամակցելու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին ներկայացնում է գրավոր դիմում` կցելով համապատասխան շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը:

Շինության սեփականատերը համատիրության անդամ է դառնում դիմումի տրման հաջորդ օրվանից:

Համատիրության անդամակցումը հաշվառվում է դիմումի տրման օրը համատիրության անդամակցության գրանցամատյանում:

Համատիրության անդամի անդամության դադարումը կատարվում է օրենքի 26-րդ կետի համաձայն, ըստ որի

1․ Համատիրության անդամի անդամությունը դադարում է`

ա) նրա դիմումի համաձայն.

բ) համատիրության անդամ ֆիզիկական անձի մահվամբ կամ իրավաբանական անձի լուծարմամբ.

գ) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա համատիրության անդամ ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

դ) համատիրության անդամի` համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարմամբ:

2. Համատիրության անդամությունից դուրս գալու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին տալիս է գրավոր դիմում:

3. Նախագահը, համատիրության անդամությունից դուրս գալու մասին դիմումն ստանալու, ինչպես նաև համատիրության անդամի` ֆիզիկական անձի մահվան կամ նրան անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մահացած ճանաչելու կամ համատիրության անդամ` իրավաբանական անձի լուծարման կամ համատիրության անդամի կողմից համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին տեղեկատվությունն ստանալու հաջորդ օրվա ընթացքում, անդամի անդամակցության մասին գրանցում է կատարում համատիրության անդամակցության գրանցամատյանում:

Համատիրության անդամությունից դուրս գալու մասին դիմում տված անձի անդամությունը դադարում է համատիրության անդամակցության գրանցամատյանում գրառում իրականացնելու պահից:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մահացած ճանաչված ֆիզիկական անձի անդամությունը դադարած է համարվում այդ մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

Շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցրած անձի անդամությունը դադարեցված է համարվում սեփականության իրավունքը դադարելու հաջորդ օրվանից:

4. Համատիրության անդամությունից դուրս եկած, ինչպես նաև շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու պատճառով համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն` իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:

Մահանալու, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու պատճառով համատիրության անդամությունը դադարած համատիրության անդամի համատիրության նկատմամբ պարտավորություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել