Ձեզ ԵՊՀ ռեկտոր չընտրեցին, «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք գրպանային ռեկտորներ ունենալ․ պատգամավորը՝ Վահրամ Դումանյանին

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում և հարակից օրենքի նախագծերում փոփոխությունների և լրացումների փաթեթը։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով գործադիրն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները, մեխանիզմները:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ օրենքի որոշ դրույթներ խախտում է մայր օրենքը, Սահմանադրությունը։

«Նախորդ իշխանությունները բուհ բներեցին մի կառավարման խորհրդի նախագահ, որը կարող էր համալսարանում օրակարգ թելադրել, ռեկտոր ու պռոռեկտոր նշանակել։ Հիմա ինչ է ստացվում, մենք մի բդեշխին ուզում եք փոխարինել մեկ այլ բդեշխով։ Կարծում եմ՝ հետհեղափոխական Հայաստանում այս սկզբունքները պետք է իսպառ բացակայեն։ Այն, որ այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր նշանակել որևէ մեկին, այդ թվում՝ Ձեզ, պարոն նախարար, թեև կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսևորեց։ Դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք գրպանային ռեկտորներ ունենալ»,-նշում է Թովմասյանը։

Ինչպես ավելի վաղ գրել էր նաև Իրավաբան․net-ը՝ նախագծով նախատեսվում է կրճատել կառավարման խորհուրդի կազմը, 12-ից այն դարձնել 9։ Նշվում է, որ 9-ից 5-ը գործադիր մարմնի ներկայացուցիչներ են լինելու, 4-ը՝ բուհի։ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Այսինքն, նախարարի կողմից ներկայացված նախագծի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են բուհի ինքնակառավարման իրավունքը։

Հակասահմանադրական է նաև նախարարի կողմից ռեկտորի նշանակումը։ Նախագծից ենթադրվում է, որ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել