Հասմիկ Պողոսյանը ՌԴ-ում է, բուժում է ստանում․ փաստաբանը՝ մշակույթի նախկին նախարարին առաջադրված մեղադրանքի մասին

Այսօր պարզ դարձավ, որ հետախուզվում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Հասմիկ Պողոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում, խոսելով հետախուզում հայտարարելու մասին, ասաց․

«Երբեք նման հանգամանք չի եղել, նման փաստական տվյալների վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում։ Մենք նույնիսկ նշել ենք, որ նրանց հիմքերը, թե իբրև Հասմիկ Պողոսյանը խուսափել է ներկայանալուց, իրականությանը չի համապատասխանում։ Քննիչը իրականությանը չհամապատասխանող տվյալներ է նշել միջնորդության մեջ»։

Նրա խոսքով՝ դեռևս 2020թ․ փետրվարի 26-ին, երբ հարուցվել է քրեական գործը, դրանից առաջ Հասմիկ Պողոսյանը հրավիրվել է բացատրություն տալու։

«Մենք հրաժարվել ենք օրինականության խախտումով կատարված գործողությանը մասնակցելուց։ Այս կապակցությամբ մենք գրություն ենք գրել, որ խնդրում ենք և ակնկալում ենք, որ օրենքով սահմանված ընթացակարգով, համապատասխան ծանուցագրով հրավիրեն, կարգավիճակ նշեն, և Հասմիկ Պողոսյանը պատրաստակամ կլինի ներկայանալ։ Նույնիսկ ես բողոքարկել եմ, հարուցման որոշումն եմ պահանջել, որ հասկանանք՝ ինչ առնչություն ունի գործը Հասմիկ Պողոսյանի հետ, և մեզ հրաժարվել են տրամադրել»,- նշեց փաստաբանը։

Գերոգի Մելիքյանն ասում է՝ դատախազը գտել է, որ Հասմիկ Պողոսյանն ընդհանրապես առնչություն չունի այս գործի հետ։

«Դատախազը գտել է, որ Հասմիկ Պողոսյանը դատավարության մասնակից չի համարվում, պաշտոնական որոշում ունենք։ Ես բողոքարկել եմ դատարան, դատարանը ճանաչել է Հասմիկ Պողոսյանի իրավունքների խախտում։ Հունիսի 25-ին՝ նիստի ընթացքում, դատախազը որոշում տրամադրել է։ Այսինքն, այս ամբողջ եռամսյա գործընթացի մեջ հաստատվել է, որ ըստ դատախազի՝ գործը կապ չունի Հասմիկ Պողոսյանի հետ, թեև քննիչի կալանքի միջնորդության մեջ նշվում է, որ Հասմիկ Պողոսյանի հետ կապ ունի, ինքն էլ իմանալով փախել է Հայաստանից»,- ասաց փաստաբանը։

Թեև դատարանի որոշում դեռ չեն ստացել, բայց փաստաբանի կարծիքով՝  քննիչի ներկայացրած կալանքի միջնորդությունը մերժել է դատարանը։

«Եվ ես չեմ կարծում, որ դրան չանդրադառնան, քանի որ ակնհայտ է, և մենք բոլոր փաստաթղթային ամրագրած հիմքերն ունենք, որ Հասմիկ Պողոսյանը երբեք էլ չի խուսափել քննությունից, ընդհակառակը, նրան ասել են, որ դու այս գործի հետ կապ չունես»,- նշեց նա։

Գերոգի Մելիքյանը փոխանցեց, որ Հասմիկ Պողոսյանը այս ամբողջ տարիների ընթացքում ունեցել է հիվանդություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Ռուսաստանի Դաշնությունում բուժման է գտնվել և ներկայումս էլ գտնվում է։

«Մենք բժշկական բոլոր փաստաթղթերն ունենք, սակայն քննիչը ոչ մի անգամ չի կանչել Հասմիկ Պողոսյանին, ու հանկարծ դեկտեմբերի  17-ին մեղադրանք առաջադրելու որոշում է կայացնում, և շատ պատահական ենք իմանում դրա մասին։ Եվ բնականաբար, կալանքի նիստին մասնակցում ենք, ներկայացնում մեր դիրքորոշումը, դատարանն էլ, ըստ էության, մեր հանգամանքները հիմք է ընդունում և քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ կալանավորման վերաբերյալ, մերժում է»,- ասաց Մելիքյանը։

Խոսելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքի մասին՝ փաստաբանն ասաց․

«Պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, Հասմիկ Պողոսյանը եղել է հասարակական կազմակերպության փոխնախագահ, սակայն գտել են, որ ինքը որպես նախարար է պաշտոնեական դիրքը չարաշահել, այնինչ մեղադրանքի մեջ կտեսնեք, որ իր պաշտոնեական դիրքից բխող որևէ գործողություն, դրան առնչվող որևէ իրավիճակ տվյալ մեղադրանքում առկա չէ»։

Մելիքյանը նաև հավելեց, որ Հասմիկ Պողոսյանին պետք է հրավիրեին, ծանոթացնեին մեղադրանքին, մինչև այդ կանչեին հարցաքննության, որ հնարավորություն ունենար դիրքորոշում արտահայտելու։

«Ես հնարավորություն եմ ունեցել կալանավորման նիստի ընթացքում Հասմիկ Պողոսյանի փոխարեն նրա շահերի պաշտպանությունն իրականացնել, ներկայացնել դիրքորոշում։ Մենք միանշանակ չենք ընդունում, նման որևէ հանցագործություն չկա ու չի էլ կարող լինել, սա իրականության հետ որևէ աղերս չունի»,- եզրափակեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր․

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն, 2006թ. զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:Այնուհետև 201.000.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում` ավանդի չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը, որից հետո դարձրել են նշված ՍՊ ընկերության սեփականություն և, նպատակ ունենալով իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխանցում, ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը` այդկերպ փորձելով բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ հասարակական կազմակերպության նախագահ, Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամի չափով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել