Այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում հնչեցրած խոսքին՝ Շուշի քաղաքի վերաբերյալ:
«Շուշին հրաշք քաղաք է եղել, պատմամշակույթային մեր կարևորագույն օջախներից մեկն է եղել, որի համար միշտ պայքար է եղել՝ կարծում եմ դարերով: Շուշին այնպիսի մեծեր է տվել մեր ազգին, և՛ ռազմական, և՛ մշակույթային: Շուշին առաջին պատերազմից հետո ամեն ինչ էր, որը շենացվում էր, բնակեցվում էր և մինչև այս պատերազմը, թե՛ Արցախը, թե՛ Շուշին վեր էր ածվում դրախտավայրի: Այս պատերազմի ընթացքում այդ դրախտավայրը կրեց այնպիսի վնասներ, որի վերականգնումը պետք է դառնա համազգային ծրագիր: Բայց այսօր դա շատ բարդ է լինելու, որովհետև այն անվտանգության համակարգը, որը ձևավոևվել էր ԼՂԻՄ-ի շրջակայքում, պետք է արձանագրենք, որ այսօր չունենք, բայց դա չի նշանակում, որ մեր ազգային ներուժը չպետք է դնենք այդ խնդիրները լուծելու համար»,-ասաց Քոչարյանը:
Պատգամավորը նաև անդրադարձավ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին և դրա վտանգավորությանը:
«Այս տարածքի նկատմամբ ոչ միայն պետք է լինենք զգայուն, այլ Հայաստանի հարավի հետ կապված, կարծում եմ, մեր զինված ուժերը մեծ անելիք ունեն, որովհետև այն կարողությունները, որ մենք կորցրեցինք այս պատերազմում, հատկապես հարավում մենք պետք է արդեն նոր սպառազինությամբ, նոր սպայակազմի մոտեցումներով, շատ ավելի արդիական ռազմական կառույցներ ստեղծելու խնդիր լուծենք: Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի:
Պատգամավորի խոսքով՝ նա վաղը նախաձեռնելու է ընդլայնված հանձնաժողովի նիստ և նամակ է ուղարկելու ՊՆ նախարարին, որպեսզի նա գա և պատասխանի այն հարցերին, որոնք իրեն են վերաբերում:
Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների՝ Թագուհի Թովմասյանի և Լուսինե Բադալյանի մանդատից հրաժարվելուն, ասաց, որ ինքը պատրաստվում է ամեն ինչ անել երկրի կայունությունը ապահովող գործընթացներին օգտակար լինելու համար: