Ազգային ժողովում վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետին հորդորեց առաջիկայում արտահերթ ընտրություններ նախաձեռնել։
«Առանց չափազանցության պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամաբ տեղի է ունեցել դավաճանություն և ես ամենևին նկատի չունեմ այն հայտարարությունը, որը դուք եք ստորագրել, ես նկատի ունեմ այն իրողությունը, որ պատերազմի ընթացքում մենք միայն արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր անվտանգության բոլոր մարմիններին, վերաբերում էր պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Ըստ էության պետք է խոստովանեք, որ դուք և ձեր թիմը ձախողել եք այս բոլոր ուղղություններով և ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ձեր պաշտպանական գերատեսչության ղեկավարը, արտաքին գործերի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն դուք պետք է նրանց հորդորեիք ժամ առաջ հրաժարական տալ և դրանով ավելի հասկանալի և ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին»,-ասաց Արման Բաբաջանյանը։
Նա նշեց, որ վարչապետը պետք է լինի նախաձեռնողը՝ այս իրավիճակից դուրս գալու համար և վարչապետը պետք է առաջարկի ճանապարհային քարտեզը, որի վերջին հատվածն ու քայլը պետք է լինեն արտահերթ ընտրությունները։
«Դուք էլ պիտի մասնակցեք այդ արտահերթ գործընթացներին, վերստանձնեք, եթե մանդատը կստանաք ժողովրդից, ստանձնեք այդ մանդատը, վերցրեք և շարունակեք, բայց ասյ իրավիճակում, կարծում եմ, այլևս առանց այդ ճանապարհային քարտեզի հրապարակման, առանց ժամկետների սահմանման մենք չենք կարող առաջ գնալ»,-նշեց պատգամավորը։
Վարչապետը նշեց, որ հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավավելու հնարավորություն ստեղծելն է։ «Ես չեմ կարծում, որ հենց այսօր մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը՝ ՀՀ-ում և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը։ Առաջին խնդիրը կառավարության այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ բացառված է, որ ինքը որևէ այնպիսի քայլ անի, որի արդյուքնում կվտնագվի իշծանություն ձևավոևելու ազատ, օրինական, արդար, թափանցիկ ձևով, ազատ կամաարտահայտման միջոցով իշխանություն ձևավոևելու ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը։