Բաքվում քրեական գործ են հարուցել Աբխազիայում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ, որոնք մեկնել ու մասնակցել են Ղարաբաղի պատերազմին:
Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերին 20 հոգուց կազմված խումբը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ` պատերազմական գործողություններում իրենց մասնակցությունը քննարկելու նպատակով: Նշվում է, որ նրանք Հայաստան են հասել «համապատասխան պետական կառույցների աջակցությամբ», հետո «Ադրբեջանի` օկուպացված տարածքներում գտնվող անձանց հետ հանցավոր խումբ են կազմել»:
«Հաստատվել է, որ նրանք օգտագործվել են Հայաստանի ռազմաքաղաքական ռեժիմի կողմից` որպես վարձկաններ խաղաղ բնակչության դեմ»:
Գործով անցնող գլխավոր մասնակիցը Աբխազիայի հայերի միության ղեկավար Գալուստ Տրապիզոնյանն է:
Աբխազիայից մեկնած կամավորների մասին լուրը լրատվամիջոցներում հայտնվեց նոյեմբերի 6-ին: «Կովկասի արձագանքը» ռադիոկայանին տված հարցազրույցում Տրապիզոնյանն ասել է, որ «իրենք միայն մեկ օր են մասնակցել գործողություններին»:
Քրեական գործը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քննում է մի քանի հոդվածներով` «ագրեսիվ պատերազմի վարում», «նախնական համաձայնությամբ մտածված սպանություն անձանց խմբի կողմից», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում»: