ԱԱՏՄ-ի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր։ Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավար կազմերի, մարզպետարանի ներկայացուցիչներ։

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական էջից:

Քննարկումը կարեւորվել է երկրում հայտարարված ռազմական դրության, մարզի բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվելիք աշխատանքների համատեքստում:

Մարզի տարածքում խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով տարվող եւ անհրաժեշտ քայլերը ներկայացրել է տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը: Նա կարևորել է սպասարկվող և սպասարկում իրականացնող սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերությունների առկայությունն ու անհրաժեշտությունը:
Մարգարյանը խոսել է համայնքների խմելու ջրի ջրաղբյուրների, ՕԿՋ-ների վրա շուրջօրյա ուժեղացված հերթապահության, անհապաղ ձեռնարկված ու անհրաժեշտ միջոցառումների մասին։ Շեշտվել է հանգամանքը, որ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի կողմից կլինեն ստուգայցեր՝ նաեւ համայնքներին աջակցելու և խնդիրները համատեղ լուծելու նպատակով:
Համայնքների ներկայացուցիչները կարեւորել են համայնքների խմելու ջրի ջրաղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների վերահսկողության առավել ուժեղացումը։

Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն, ամփոփելով նիստը, կարևորել է մարզպետարանի, համայնքապետարանների և վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների համատեղ ու թիմային աշխատանքը՝ մատակարարվող ջրի որակը և բնակչության առողջության պահպանումն ապահովելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել