Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան, կառավարվել են արաբերենով. ՊԲ փոխհրամանատար

Երեկ ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրետանանետեր, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագորխել նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։

«Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակը աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Օպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ»,-ասաց ՊԲ փոխհրամանատարը։

Նա նշեց, որ ՊԲ զինծառայողներն իրենց աշխատանքը կատարել են փայլուն ու անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։

«Անհաջողություն կրելով, թշնամին, այս անգամ ևս, իր ձեռագրի համապատասխան թիրախավորել է հայկական բնակավայրերը և բնակչությանը, մասնավորապես՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիրավորվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով, եզրակացությունները թողնում եմ ձեզ»,-ասաց գնդապետ Արթուր Սարգսյանը։

Հակառակորդի կորուստները կազմել են․ 39 զրահատեխնիկա, 4 «Սու25» ինքնաթիռ, 3 «Մի24» ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830։ Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։

«Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ։ ՈՒնենք բավականին շատ վիրավորներ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել