Ի՞նչ լիազորություններ ունի կառավարությունը՝ ռազմական դրության պայմաններում

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, որը սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածով։

Այսպիսով․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.

2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաև վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.

3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես նաև սահմանում է նրանց խնդիրները.

4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

5) ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.

6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.

7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ.

9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.

10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.

11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.

12) սահմանում է ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը.

13) սահմանում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը.

14) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված այլ լիազորություններ.

15) սահմանում է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել