Կառավարությունը կաջակցի խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողներին՝ կորոնավիրուսով պայմանավորված ռիսկերը մեղմելու հարցում

Գործադիրը օգոստոսի 13-ի հերթական նիստին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը։

Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

Օժանդակության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։

Այսպիսով, նախատեսվում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել փոփոխություններ, ըստ որոնց՝

1) 2020 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝

ա. ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,

բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը,

գ. տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,

դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվում է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս.

2) 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի վերամշակում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

     ա. ՀՀ դրամով՝ մինչև 14, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,

 բ. լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը.

 3) հստակեցվում է տնտեսավարողների կողմից ձեռք բերվող ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի տրամադրման ամսաթիվը, որը համարվում է լիզինգի պայմանագրի կնքման օրը.

      4) հնարավորություն է տրվում ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին 2019 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված 12 ամիս ժամկետները երկարաձգել մինչև 15 ամիս ժամկետով.

 5) 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի գումարի չափով տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն.

6) Օժանդակության գործիքի շրջանակներում սահմանվում են խաղողի մթերումների փաստաթղթավորման և վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ, ըստ որոնց տնտեսավարողներն ապահովում են մթերման գործընթացի թափանցիկությունը, Որոշման պահանջով սահմանված կարգով մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների ազատ մուտքը մթերման կետեր և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել