«Հուզմունքից կոկորդս լցվեց»․ Վարուժան Ավետիքյանը՝ իրաքահայերից շուրջ 90 հազար դոլար նվիրատվության մասին

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր առավոտյան զանգ ստացա: Իրաքում մեր դեսպան Հրաչ Փոլադյանն էր: Ասեց 3 օր տարբեր տաքսիներով ու այլ մեքենաներով Բաղդադից կտրել եկել եմ Հայաստան, ու Իրաքում հայ համայնքի կողմից հետս բերել եմ 90,700 ԱՄՆ դոլար: Ինչպե՞ս անեմ գումարը փոխանցեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հուզմունքից կոկորդս լցվեց: Չիմացողների համար ասեմ, որ Իրաքի մեր համայնքը ամենատանջված համայնքներից մեկն է սփյուռքում: 40 տարի մարդիկ դիմակայել են էլ պատերազմ, էլ սով, էլ ճգնաժամ, էլ ինչ ասես, բայց մեր նեղ պահին կոպեկ առ կոպեկ հավաքել, ու հիմնադրամին գումար են ուղարկել: Դեսպան Փոլադյանն էլ դժվար ճանապարհներ կտրել ու գումարը բերել ու այսօր իսկ փոխանցել է հիմնադրամին: Խոսքեր չեմ գտնում: Երախտապարտ եմ»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջում այս մասին նշվում է․

«Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հրաչյա Փոլադյանին, ով չխնայեց որևէ ջանք համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։

Երախտապարտ ենք համայնքի յուրաքանչյուր անդամին օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։ Համայքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը Հիմնադրամին։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել