Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրի հետ կապված որոշման նախագիծ։
Այս ծրագրի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց տրամադրվում է միանվագ փոխհատուցում` հիմք ընդունելով միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշները:
Ծրագրի վերաբերյալ որոշման՝ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 14 հավելվածով կարգավորվում են Զբաղվածության պետական գրասենյակի տարածքային կենտրոնների կողմից աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման հետ կապված հարաբերությունները և հաստատված է անմրցունակության որոշարկման կարգը։
Օրենքով աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացվել են նոր չափանիշներով և, արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 հավելվածով ներկայացվող միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշները և N 14 հավելվածը համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն համապատասխան իրավական հիմքերը, որոնք հնարավորություն կտան աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով, այն է՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքներով։