Դատավորին հայտնի դարձած գաղտնի տեղեկությունների «ճակատագիրը»

Դատավորն իր աշխատանքի ընթացքում ստանում է բազմաբնույթ գաղտնի տեղեկություններ։ Քաղաքացիական և քրեական դատավարական օրենսդրության վերլուծությամբ կարելի է առանձնացնել գաղտնի տեղեկությունների հետևյալ տեսակները`

1. անձնական և ընտանեկան կյանքի, այդ թվում` որդեգրման վերաբերյալ տեղեկություններ.
2. ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.
3. պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
4. անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության վերաբերյալ
տեղեկություններ։

Այդ տեղեկություններն իրենց հերթին կարելի է բաժանել 2 խմբի`
1. տեղեկություններ, որոնց գաղտնիությունն ուղղակիորեն նախատեսված է օրենքով կամ այլ իրավական ակտերով.
2. տեղեկություններ, որոնց գաղտնիության պահպանումը թելադրված է անձի պատվի և բարի համբավի, բարոյականության նորմերի պահպանման անհրաժեշտությամբ և օրենքով նախատեսված կամ մանրամասն կարգավորված չէ։

Հատկապես նշված երկրորդ խմբի տեղեկությունների գաղտնիության պահպանման հարցում դատարանն օրենքով լիազորված է դռնփակ դատական քննություն անցկացնելու հարցը լուծելու հայեցողական լիազորությամբ։

Նշենք, որ դատավորն իրավունք չունի ծառայական պարտականությունների կատարմանը չվերաբերող նպատակներով օգտագործել, հրապարակել կամ այլ կերպ մատչելի դարձնել իր պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացած գաղտնի տեղեկատվությունը։

Կանոնն արգելում է գաղտնի տեղեկություններն օգտագործելը, հրապարակելը կամ այլ կերպ մատչելի դարձնելը։

«Օգտագործել»-ը նշանակում է «օգտակար կերպով գործածել», այսպիսով` կանոնն արգելում է այդ տեղեկությունները գործածել դատավորի կամ որևէ այլ անձի օգտին` նրանց շահերից ելնելով։

«Հրապարակել»-ը նշանակում է այդ տեղեկությունները ցանկացած եղանակով հաղորդել անորոշ թվով անձանց, ընդ որում, կարևոր չէ հրապարակման բանավոր կամ գրավոր ձևը։ Հրապարակումը կարող է տեղի ունենալ զրույցով, ելույթով, լրատվության միջոցներում տպագրելով, տեղեկատվության ներկայացման այլ եղանակներով։

«Մատչելի դարձնել» հասկացությունն ավելի լայն իմաստ ունի, քան «հրապարակել» հասկացությունը. դա նշանակում է գաղտնի տեղեկությունները ցանկացած ձևով, եղանակով, միջոցով հասու դարձնել գործի հետ չառնչվող անձանց։

Որոշակի պայմաններում գաղտնի տեղեկությունները դատավորի կողմից կարող են շրջանառվել ծառայական նպատակներով, այդ պատճառով էլ կանոնն արգելում է այդ տեղեկություններնօգտագործել, հրապարակել ու մատչելի դարձնել իր ծառայական պարտականություններին չվերաբերող ցանկացած այլ նպատակով կամ ցանկացած այլ շահից ելնելով։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել