Starmus-ը գալիս է Հայաստան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է․ «Պատերազմի, համավարակի ու տնտեսական լարվածության ժամանակ մենք մտածում ենք գիտության և արվեստի մասին։

Այս շաբաթ որոշում կայացվեց միջոցներ հատկացնել աշխարհահռչակ Starmus փառատոնին։ Այն կազմակերպվում է որպես համագումար և գիտաժողովների շարք, որոնց շուրջ մեկ շաբաթ նշանավոր գիտնականների մասնակցությամբ անցկացվում են նաև այլ միջոցառումներ՝ այցելություններ, ցուցահանդեսներ, մրցույթներ, վարպետության դասեր, բանավեճեր, կլոր սեղաններ և քննարկումներ, որոնք բոլորն առնչվում են փառատոնի հիմնական թեմային և միացնում են գիտությունն, արվեստը և երաժշտությունը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են մի շարք ցուցահանդեսներ և համերգներ:

Փառատոնին կմասնակցեն առաջատար գիտնականներ, տիեզերագնացներ և հանրահռչակ երաժիշտներ և արվեստագետներ, ովքեր հանրության հետ կկիսեն գիտելիքների հանդեպ իրենց ձգտումը: Այն կկայանա հաջորդ տարի։

Ավելի լուրջ մանրամասները՝ շատ շուտով»,-գրել է նա։

Նշենք, որ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի:

STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել