Կորոնավիրուսային պանդեմիայի ավարտը դեռևս տեսանելի չէ, վարակի տեմպը արագանում է: Այս մասին երկուշաբթի օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Վիրուսը դեռ շատ տեղ ունի զարգանալու։ Իրականությունն այն է, որ համաճարակը նույնիսկ չի ավարտվել։ Չնայած շատ երկրներ, ընդհանուր առմամբ, առաջընթաց են արձանագրել, համաճարակի տեմպը արագանում է»։
ԱՀԿ ղեկավարն ասել է, որ այս շաբաթ տեղի է ունենալու փորձագիտական հանդիպում ՝ հետազոտության ոլորտում առաջընթացը գնահատելու և նոր փուլում առաջնահերթություններ սահմանելու համար։
«Այս շաբաթ մենք գումարելու ենք երկրորդ հանդիպումը՝ գնահատելու հետազոտության և զարգացման առաջընթացը (կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները), ինչպես նաև դիտարկելու ենք հետազոտության գերակայությունները համաճարակի նոր փուլի համար», – ասել է նա:
Թեդրոս Հեբրեյեսուսը հիշեցրել է, որ հունիսի 30-ին լրանում է կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ ԱՀԿ-ում ստացված առաջին զեկույցի 6 ամիսը: