Ի՞նչ էր «Մարաշի հրաշքը» քաղաքապետարանից պահանջում

«Մարաշի հրաշք» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 11.07.2012թ. թիվ 18-06/2-467 գրությունը (վարչական ակտը) անվավեր ճանաչելու և պատասխանողին ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 22/19 հասցեում 5899.48քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և այդ հողամասը «Մարաշի հրաշք» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ` որոշում ընդունել պարտավորեցնելու պահանջների մասին:

Երևանի քաղխորհրդի գործկոմի 17.07.1982թ.-ի «Հայկական թատերական ընկերության ստեղծագործական տան շինությունները Երքաղսովետի գործկոմի հասարակական սննդի վարչության անունով վերաձևակերպելու և հասարակական սննդի կոմպլեքս կառույցների վերափոխելու մասին» թիվ 15 որոշմամբ Հին Նորքում գտնվող Հայկական թատերական ընկերության ստեղծագործական տան շինությունները վերաձևակերպվել են Երքաղսովետի գործկոմի հասարակական սննդի վարչության անունով։ Ըստ որոշման 2-րդ կետի, շինությունների հողամասի սահմաններն ընդունվել են ըստ Երքաղսովետի գործկոմի հասարակական սննդի վարչության և «Հայկական թատերական ընկերության» միջև կնքված ընդուման և հանձման ակտերի։

Հաշվի առնելով Հայկական թատերական ընկերության վարչության 1982թ. հուլիսի 23-ի թիվ 0-92 խնդրանքը, գործադիր կոմիտեն որոշել է. «Ի լրացումն Երևանի քաղխորհրդի գործկոմի «Հայկական թատերական ընկերության ստեղծագործական տան շինությունները Երքաղսովետի գործկոմի հասարակական սննդի վարչության անունով վերաձևակերպելու և հասարակական սննդի կոմպլեքս կառույցների վերափոխելու մասին» թիվ 15/9-11 որոշման` ճշտել թատերական ընկերության վարչության Հին Նորքում գտնվող ստեղծագործական տան հողամասի սահմանները։ Ճշտված հողամասի մակերեսն է` 0.64հա»։

ՀՀ ԿԱ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Մարաշ» ՍՊ ընկերության միջև 16.10.1996թ-ին կնքվել է թիվ 3523 սեփականաշնորման պայմանագիրը, որով հայցվորը գնել է «Հայկական Խոհանոց Մարաշ» թիվ 608 օբյեկտը` դառնալով դրա գույքային և ոչ գույքային իրավունքների և պարտականությունների իրավահաջորդը։

«Մարաշ» ՍՊԸ-ն 12.10.2000թ.-ին անվանափոխվել է և վերանվանվել է «Մարաշի հրաշք» ՍՊԸ-ի, որի կապակցությամբ 13.10.2000թ. կատարվել է համապատասխան պետական գրանցում։

Երևանի քաղաքապետի 09.08.2007թ-ի թիվ 2744-Ա որոշմամբ վերականգնվել է Հովսեփյան փողոցի, «Ծիծեռնակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենք-շինությունների հողօգտագործման հիմքերը 474.22 քմ մակերեսի չափով, որից 378.72քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է «Մարաշի Հրաշք» ՍՊԸ-ին, իսկ 95.95քմ մակերեսով հողատարածքը տրամադրվել է վարձակալության։

Հայցվոր ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով վերականգնել Գ.Հովսեփյան փողոց, 22/19 հասցեի 0.64հա հողամասից 5899.48քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը և այդ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել «Մարաշի Հրաշք» ՍՊԸ-ին։ Ի պատասխան ընկերության դիմումի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 11.07.2012թ-ին թիվ 18-06/2-28467 գրությամբ պատասխանել է, որ ներկայացված փաստաթղթերում քննարկվող հողամասի նկատմամբ ընկերության իրավունքը հավաստող հիմքեր առկա չեն, նշվածից ելնելով ընկերության խնդրանքը բավարարել հնարավոր չէ։

Գործի փաստական հանգամանքների և իրավական ակտերի վերլուծության արդյունքում դատարանը փաստեց, որ պատասխանողը, հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերի առկայության պայմաններում, քանի դեռ չի հերքել դրանց հավաստիությունը, պարտավոր էր հայցվորի կողմից դիմելուց հետո մեկ ամսվա ընթացքում ընդունել վերջինիս կողմից ակնկալվող որոշումը, ինչը նա չի կատարել, հետևաբար հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Դատարանը վճռեց «Մարաշի հրաշք» ՍՊԸ-ի հայցը բավարարել. անվավեր ճանաչել Երևանի քաղաքաեպտարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 11.07.2012թ. թիվ 18-06/2-467 գրությունը։ Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին` ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ընդունել բարենպաստ վարչական ակտ` որոշում` Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 22/19 հասցեում 5899.48քմ մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և այդ հողամասը «Մարաշի հրաշք» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրելու մասին։

Երևանի քաղաքապետարանը սույն գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել