ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի՝ հուլիսի 8-ի նիստին ներկայացրեց միջնորդագիր, որպեսզի օրենսդիրը տա համաձայնություն՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու:
Գլխավոր դատախազը ներկայացրեց կալանավորման հիմքերը: Վարդապետյանը հիշեցրեց՝ Արթուր Սարգսյանը նախկինում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, ինչը ողջամտորեն ենթադրում է, որ պատգամավորական մանդատով պայմանավորված՝ նա ունի կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության շրջանում:
«Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- ասաց նա և ներկայացրեց միջնորդություն՝ տալու համաձայնություն, որպեսզի Արթուր Սարգսյանը զրկվի ազատությունից: