ԲՀԿ-ական պատգամավորի հայրը կալանավորվել է

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը։

Առուստամյանին ձերբակալել էին ապրիլի 23-ին, որից հետո պաշտպանը բողոքարկել էր որոշումը։ «Դատարանը բավարարեց մեր բողոքը և ճանաչեց ձերբակալությունը ոչ իրավաչափ, դրան զուգահեռ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան կարանավորելու երկու ամսով։ Այն հիմքով, որ բավարարվել էր մեր բողոքը, մի կետ կար, որ չէր կարող բավարարվեր քննիչի միջնորդությունը, բայց բավարարվեց։ Այս ամենը հակասությունների ոլորտից է։ Բացարձակ իրավաբանություն չկա այս ամենի մեջ», – նշեց պաշտպանը, հավելելով, որ շարունակելու են իրենց պայքարը։

Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։

Հիշեցնենք, որ Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել