Կրթաթոշակի չափերն ավելացան․ Արայիկ Հարությունյան

Կառավարությունը ապրիլի 23-ին որոշում ընդունեց պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակի չափերը բարձրացնելու մասին։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված է  պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակի չափերը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար, ինչը կնպաստի մարդկային մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն: Գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ նախարարության կողմից առաջարկվում է հետբուհական կրթություն ստացողներին նախատեսված կրթաթոշակի չափի ավելացում /35000 դրամով/՝ միտված  երիտասարդ մասնագետների սոցիալական վիճակի բարելավմանն ու կյանքի որակի փոփոխությանը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի կայուն զարգացմանն ու համընդհանուր բարեկեցության գործընթացին:

Այսպիսով, հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը ավելացան 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել