Կառավարությունը ապրիլի 16-ի հերթական նիստին որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառման մասին։
Նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ծրագիրը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները:
Աջակցությունը տրամադրվում է վերոնշյալ յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի
- 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,
- 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ձևով:
Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: