Կառավարությունն աջակցություն կտրամադրի նպաստառու շուրջ 85 հազար ընտանիքի․ որոշումն ընդունվեց

Կառավարությունը ապրիլի 16-ի հերթական նիստին որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառման մասին։

Նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ծրագիրը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները:

Աջակցությունը տրամադրվում է վերոնշյալ յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի

  • 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,
  • 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ձևով:

Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել