Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել առցանց։
Այս մասին տեղեկացնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Էլեկտրոնային նամակների հեղեղը, ցավոք, բացահայտեց տխուր իրականությունը. ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ:
Լեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում պահպանել ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հայերեն էլեկտրոնային նամակները գրել բացառապես հայատառ։
Լեզվի կոմիտեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ: