Կստեղծվի պարեկային ոստիկանություն․ նոր նախագիծ է ներկայացվել

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով որպես ռազմավարական ուղղության է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ։ Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու և վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը։

Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։

Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքն առաջնային կարևորություն ունի հանցագործությունների կանխաման, նախականխման ու հակազդման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ու Հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության զգացման համար։

Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ ծառայության այս տեսակը, գործառութային առումով նորամուծություն է, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության պաշտոններում պատրաստման ծրագիրն անցած նոր կադրերի նշանակման համար։

Նկատի ունենալով Ռազմավարությամբ ներկայացված համընդգրկուն փոփոխությունները, ինչպես նաև գործողությունների ծրագրով սահմանված ժամկետները, անհրաժեշտ է նշված բարեփոխումների շարքում առանձնացնել դրա կարճաժամկետ առաջին նպատակը՝ «Պարեկային ոստիկանության» կազմավորման և դրա գործունեության ապահովումը Հանրապետության տարածքում, որի կարգավորման նպատակով էլ առաջնահերթ ներկայացված է օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը։

Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։

Նախագիծն ուղղված է պարեկային ոստիկանության ստեղծմանը և դրա գործունեության կարգավորմանը։

Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների՝ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել