Կսահմանվի բանկերի կողմից տրամադրվող կրեդիտների համար տոկոսի կրկնապատիկի չափով սահմանափակում 

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարել:

Նախագծով առաջարկվում է, սահմանել փաստացի տոկոսադրույքի չափը, որը  չի  կարող գերազանցել՝

ա) պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը` բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար.

բ) պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկը` վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից տրամադրված կրեդիտների համար:

Նախագծի հիմանվորման մեջ ասվում է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը` հիմնականում հասնում է մինչեւ 70 տոկոսի, և միայն որոշ կազմակերպությունների կողմից տրամադրված որոշ վարկատեսակների տոկոսադրույքը գերազանցում է նույնիսկ 100 տոկոսը:

Հետևաբար, առաջարկվում է սահմանել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով սահմանափակում` բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող կրեդիտների համար ու ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկի չափով սահմանափակում` վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից տրամադրվող վարկերի համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել