Ծառերն ընկել են մեքենաների վրա. քաղաքապետը մերժել է քաղաքացիների վնասը փոխհատուցելու վերաբերյալ դիմումները

Երևանի քաղաքապետը մերժել է մի շարք քաղաքացիների դիմումը՝ փոխհատուցելու իրենց կրած վնասների համար:

  • Այսպիսով, Կարապետ Համազասպյանը սեպտեմբերի 27-ին դիում է ներկայացրել քաղաքապետին՝ ներկայացնելով նաև ապացույցներ, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքներ, որ նույն օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի վրա, կրկեսի հարևանությամբ կայանված՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա սաֆորա ծառատեսակի կանաչ ճյուղ է ընկել: Դրա հետևանքով ճաքել է ավտոմեքենայի դիմապակին, փոս է ընկել աջ անվաթևը, շարժիչի ծածկը և տանիքը ստացել են քերծվածքներ, և ավտոմեքենայի վնասվածքները վերացնելու արժեքը կազմում է մոտ 80.000 դրամ:

Լսումների ընթացքում Կարապետ Համազասպյանը հայտնել է, որ պատահարի կապակցությամբ անմիջապես զանգահարել է Երևանի քաղաքապետարանի 105 ծառայությանը, որից հետո ծառայության աշխատակիցը պատահարի մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությանը, որի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում կոտրված ծառի ճյուղը հեռացվել է:

Քաղաքապետի որոշման մեջ նշվում է, որ չնայած վերոնշյալին, քաղաքացին չի ներկայացրել ավտոմեքենայի վրա նշված ծառի ճյուղն ընկնելու և ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը, ինչպես նաև վնասի չափը հիմնավորող ապացույցներ, ինչը հիմք է հանդիսանում վնասի փոխհատուցման մասին դիմումը մերժելու համար:  Հոկտեմբերի 31-ի որոշմամբ քաղաքացու դիմումը մերժվել է:

  • Նմանատիպ խնդրով հուլիսի 17-ին քաղաքապետին դիմում է ներկայացրել Կարապետ Մազլումյանը՝ նշելով, որ հունիսի 15-ին, Երևան քաղաքի, Պուշկինի փողոցի համար 48 շենքի տարածքում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «NISSAN» մակնիշի ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, ինչի համար վնասի փոխհատուցում է խնդրում:  Կարապետ Մազլումյանն իր դիմումին կից ներկայացվել են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի պատճենը, լուսանկարներ, որոնցում պատկերված է տապալված ծառը և ավտոմեքենան, սակայն Կարապետ Մազլումյանի կողմից ավտոմեքենայի վնասի չափը որոշող փաստաթղթեր, ինչպես նաև պատահարի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր չեն ներկայացվել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գրության համաձայն, ընկած ծառն արտաքնապես եղել է կենսունակ և նախօրոք հնարավոր չի եղել կանխարգելել պատահարը, քանի որ ծառի քայքայումն ընթացել է բնամասի ներսում, և դրա տապալումը եղել է անհաղթահարելի ուժի պատճառով:

Քաղաքապետի հոկտեմբերի 31-ի մեկ այլ որոշման համաձայն մերժվել է նաև Կարապետ Մազլումյանի դիմումը:

  • Օգոստոսի 13-ին էլ Նարեկ Բարսեղյանն է դիմում ներկայացրել քաղաքապետին՝ հայտնելով, որ օգոստոսի 08-ին, Երևան քաղաքի, Կիևյան 1/9 հասցեում կայանված և իր սեփականությունը հանդիսացող «NISSAN» մակնիշի ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, ինչով պայմանավորված խնդրել է հատուցել պատճառված վնասը:

Քաղաքապետի որոշման մեջ նշվում է, որ Նարեկ Բարսեղյանի կողմից չեն ներկայացվել ավտոմեքենայի վնասի չափը որոշող, պատահարի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր: Իսկ լսումների ընթացքում, նա բանավոր հայտնել է, որ մեքենայի վրա ընկած բարդի տեսակի ծառի հասցված վնասը կազմում է մոտ 150.000 դրամ: Նշվում է նաև, որ քննարկվող պարագայում, թեև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գրության համաձայն՝ տապալված բարդի ծառը եղել է չոր վիճակում, սակայն հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել վնասի չափը ու ծառի տապալման և ավտոմեքենայի վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող ապացույցներ, գտնում եմ, որ դիմումատուի պահանջը բավարարելու հիմքեր առկա չեն:

Քաղաքապետի հոկտեմբերի 31-ի մեկ այլ որոշման համաձայն մերժվել է նաև Նարեկ Բարսեղյանի դիմումը:

  • Օգոստոսի 29-ին էլ դիմում է ներկայացրել Տիգրան Սիմոնյանը՝ նշելով, որ օգոստոսի 15-ին իրեն պատկանող «TOYOTA PREMIO» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի վրա, որտեղ ծառի հաստ ճյուղն ընկել է ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս, ինչով պայմանավորված խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը:

Պարզվել է, որ մեքենայի վրա է ընկել ակացիա ծառատեսակի մոտ 6մ երկարությամբ ճյուղը և վնասել է թափքի տանիքը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գրությամբ, հայտնվել է, որ տվյալ ծառատեսակը եղել է լիովին կենսունակ, արտաքնապես առողջ, և համաձայն «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության ծառերի ձևավորման բաժնի պետ Լևոն Հովհաննիսյանի բանավոր տեղեկատվության՝ 2018 թվականի աշնանը թատրոնի ղեկավարության խնդրանքով, թատրոնի դիմացի տարածքի ծառերը, այդ թվում նաև տվյալ ծառատեսակը, ենթարկվել է մասնակի էտման:

«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման եզրակացությամբ, ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, սեպտեմբերի 11-ի դրությամբ, գնահատվել է 311.000 դրամ:

Որոշման մեջ նշվել է, որ «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության մեջ նշված չեն ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառները, հետևաբար ապացուցված չէ 2019 թվականի օգոստոսի 15-ին Տիգրան Սիմոնյանի ավտոմեքենայի վրա նշված ծառի ճյուղն ընկնելու և կատարված զննմամբ հայտնաբերված՝ ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը:

Քաղաքապետի որոշմամբ այս դիմոը ևս մերժվել է:

Հավելեք, որ վերոնշյալ դիմումները կարող են վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել