Հնարավոր է, որ առարկայի ուսումնական ծրագրում կամ դասավանդման ներկայիս մեթոդներում կան խնդիրներ, խութեր, որոնք քննարկելի են: Սակայն որևէ քննարկում չպետք է հանգեցնի առարկան ուսումնական ծրագրից հանելու որոշման: Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վերանայել նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակայնացված սույն մտադրությունը և հանդես գալ հավաստիացմամբ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հետայսու էլ շարունակելու է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:
Մենք ապրում ենք բավական հախուռն, երբեմն տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ի թիվս այլ արժեքների, վտանգվում, երբեմն ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու մեր ինքնության հենասյուները: Այդ գործընթացը տեղի է ունենում իշխանության երբեմն լուռ, երբեմն գործուն մասնակցությամբ, ինչն անթույլատրելի է և դատապարտելի: Հայաստանի ցանկացած իշխանություն՝ անկախ դավանած գաղափարախոսությունից կամ դրա բացակայությունից, ֆորմալ և չգրված պարտավորություն ունի պահպանելու և պաշտպանելու հայի ինքնությունն ու դրա հետ կապված բոլոր արժեքները:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում»,- գրել է Արման Բաբաջանյանը: