Մենք ապրում ենք տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքները. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը շարքային առարկա չէ, այն աշակերտներին ապահովում է ոչ միայն զուտ իմացաբանական պատրաստվածություն, այլև էապես ազդում է քաղաքացու հոգեկերտվածքի, հայի ինքնության ձևավորման ու արմատավորման վրա: 
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին մամուլում խոսում են նախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով արդեն 15 տարի հանրակրթական դպրոցներում դասավանդվող այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու ինչ-ինչ հիմնավորումներ:
Առանց քննարկելու իսկ այդ՝ իրականում շատ մակերեսային և խոցելի հիմնավորումները՝ պետք է արձանագրել, որ անթույլատրելի է նույնիսկ ծանրակշիռ հիմնավորումների պարագայում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու քայլը: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը շարքային առարկա չէ, այն աշակերտներին ապահովում է ոչ միայն զուտ իմացաբանական պատրաստվածություն, այլև էապես ազդում է քաղաքացու հոգեկերտվածքի, հայի ինքնության ձևավորման ու արմատավորման վրա: Հետևաբար անթույլատրելի է «Հայոց եկեղեցու պատմություն»-ը «Պատմություն» առարկայի հետ ինտեգրելու մտադրությունը, ինչպես ներկայացնում են նախարության պաշտոնյաները: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պետք է դասավանդվի որպես առանձին առարկա:

Հնարավոր է, որ առարկայի ուսումնական ծրագրում կամ դասավանդման ներկայիս մեթոդներում կան խնդիրներ, խութեր, որոնք քննարկելի են: Սակայն որևէ քննարկում չպետք է հանգեցնի առարկան ուսումնական ծրագրից հանելու որոշման: Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վերանայել նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակայնացված սույն մտադրությունը և հանդես գալ հավաստիացմամբ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հետայսու էլ շարունակելու է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

Մենք ապրում ենք բավական հախուռն, երբեմն տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ի թիվս այլ արժեքների, վտանգվում, երբեմն ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու մեր ինքնության հենասյուները: Այդ գործընթացը տեղի է ունենում իշխանության երբեմն լուռ, երբեմն գործուն մասնակցությամբ, ինչն անթույլատրելի է և դատապարտելի: Հայաստանի ցանկացած իշխանություն՝ անկախ դավանած գաղափարախոսությունից կամ դրա բացակայությունից, ֆորմալ և չգրված պարտավորություն ունի պահպանելու և պաշտպանելու հայի ինքնությունն ու դրա հետ կապված բոլոր արժեքները:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում»,- գրել է Արման Բաբաջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել