ԱԱԾ-ից փորձել են կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա կապի դուրս չի եկել

Ազգային անվտանգության ծառայությունից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարազատներից բացատրություն ստանալու վերաբերյալ հայտնում են.

«Նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործի շրջանակում քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Իրենց իսկ տանը բացատրություն էր տվել նաև Հրայր Թովմասյանի հայրը: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել են Հրայր Թովմասյանի դուստրերը՝ Մերի և Գոհար Թովմասյանները:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Դիմումի մանրամասները Արման Բաբաջանանը ներկայացրեց գլխավոր դատախազության դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով)։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել