Ազգային անվտանգության ծառայությունից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարազատներից բացատրություն ստանալու վերաբերյալ հայտնում են.
«Նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործի շրջանակում քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Իրենց իսկ տանը բացատրություն էր տվել նաև Հրայր Թովմասյանի հայրը: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել են Հրայր Թովմասյանի դուստրերը՝ Մերի և Գոհար Թովմասյանները:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Դիմումի մանրամասները Արման Բաբաջանանը ներկայացրեց գլխավոր դատախազության դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով)։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: