Ներկայացվել է Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը:

Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել վերջին տարիների ժողովրդագրական և վերարտադրողական առողջությանը վերաբերող պաշտոնական` ՀՀ վիճակագրական կոմիտեի (այսուհետ ՎԿ) և այլընտրանքային հետազոտության տվյալների վերլուծությունը, համաձայն որի Հայաստանում առկա է ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում և ստեղծվել է անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ, մասնավորապես առկա է ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակ, 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում, բնակչություն ծերացում :

Բնակչության վերարտադրողական առողջության իրավիճակը, ծնելիությունն ու բնական աճը, երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի բնութագրական ցուցանիշները թույլ են տալիս գնահատել նաև տվյալ երկրի հետագա զարգացման հեռանկարը:

Վերարտադրողական առողջության պահպանման ու բարելավման խնդիրները շարունակաբար կարևորվել են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ: Մոր և մանկան առողջության պահպանումն ու առողջության բարելավումը ամրագրված է որպես գերակա ոլորտ:

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 19-ի N 650 -Լ որոշմամբ հաստատված կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ևս (26-րդ կետի 26.1 ենթակետ) ներառված է «Մոր և մանկան, առողջության բարելավում, վերարտադրողա­կան ներուժի ավելացում, ծնելիության անկման տեմպերի նվազեցում» միջոցառումը:

Նախագծի հիմքում դրվել է Միավորված ազգերի կազմակերպության, (այսուհետ ՄԱԿ) 2015 թվականին հռչակած «Փոխելով մեր աշխարհը. Օրակարգում Կայուն զարգացում մինչև 2030թ. գործողությունների պլանը» և կապված դրա հետ ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ընդունած «Կայուն զարգացման 17 նպատակները», ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ ԱՀԿ) «Կանանց վերարտադրողական ու սեռական առողջության 2015-2030թթ.ռազմավարության», ինչպես նաև ԱՀԿ-ի «Կանանց, երեխաների ու դեռահասների 2016-2030թթ.համընդհանուր ռազմավարության դրույթները»:

Սույն որոշման մեջ արտացոլված են վերարտադրողական առողջության պահպանման ու բարելավման ԱՀԿ-ի և միջազգային այլ կառույցների կողմից սահմանած ներքոհիշյալ նպատակակետերը:

  • հնարավորություն տալ մարդկանց իրենց ամբողջ կյանքի ընթացքում հետամուտ լինել վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում իրենց ունեցած իրավունքներին, մինչև 2030 թվականը բոլորի, հատկապես խոցելի խմբերի համար հասանելի ու համընդհանուր մատչելի դարձնել որակյալ բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները,
  • Հայաստանում Վերարտադրողական առողջության ծառայություններն իրականացնել միջազգայնորեն ճանաչված արժեքների ու հիմնարար սկզբունքների հիման վրա. այն է՝ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հասանելիություն, մատչելիություն, հավասարություն, արդարություն, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովում, ապացուցահեն մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառում:
  • նվազեցնել մանկական և մայրական մահացության մակարդակները, ինչպես նաև անպտղության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, վերարտադրողական օրգանների քաղցկեղի ցուցանիշների մակարդակը:

Նշվում է նաև, որ չնայած հատկացված նվազ միջոցներին, ծննդօգնության հիմնարկները կատարում են առավելագույնս բարելավելու ծննդօգնության ցուցանիշները: Վերոնշյալ 2 ռազմավարությունների ու պետական նպատակային ծրագրերի իրականացման շրջանակներում արձանագրվել են հետևյալ արդյունքները.

  • Բարելավել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվական բազան, մշակվել և հաստատվել են հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ու կանանց կոնսուլտացիաների համար մի շարք բժշկական փաստաթղթերի ձևեր:
  • Վերարտադրողական առողջության ոլորտում բարելավվել է օրենսդրական դաշտը. ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են թվով ապացուցահեն 30 ուղեցույց և գործելակարգ,
  • «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ, ուղղված վերարտադրողական առողջության ոլորտի կանոնակարգմանը:
  • Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունների շրջանակներում շարունակվել է իրականացվել «Ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրի ծրագրերը», որոնց շնորհիվ հաջողվել է անկախ սոցիալական վիճակից և բնակության վայրից հղիների նախածննդյան հսկողությունն ու ծննդօգնությունը դարձնել մատչելի, անվճար և ապահովել կանանց նախածննդյան և ստացիոնար ծննդալուծման համատարած, շուրջ 100% ընդգրկվածություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել