Վանաձորում շտապօգնության բրիգադի բժիշկը և վարորդը հրդեհվող բնակարանից դուրս են բերել տան տիրոջը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հոկտեմբերի 2-ին, Վանաձորում, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը` տեղում են եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանը և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը: Վերջիններս վտանգելով իրենց կյանքը` պատշգամբից մտել են այրվող բնակարան և այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը տեղափոխել բժշկական կենտրոն»,- գրել է առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Գրիգորյանը և Տիգրան Աղաբեկյանին՝ անձնուրաց աշխատանքի համար՝ նշելով, որ նրանք առաջիկայում կպարգևատրվեն առողջապահության նախարարության շնորհակալագրերով։