Իրավական օժանդակություն կտրամադրվի հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց

Կառավարությունը քիչ առաջ` հունվարի 16-ի նիստի ժամանակ հավանություն տվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի և Դավիթ Հարությունյանի՝ օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան կարգով ներկա­յաց­րած «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

 

Այս օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես, պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ: «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված է, որ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն այդ օգնության տրամադրման կարգը օրենքում հստակեցված չէ: Միաժամանակ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-29 օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված են սոցիալական այն խմբերը, որոնց պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն:

 

Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրությունը փաստում է, որ մի շարք ԱՊՀ երկրներում այս հարցը հստակ կանոնակարգված է: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության «Հոգեբուժական օգնության եւ դրա տրամադրման ընթացքում քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է, որ պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը պետական իրավաբանական գրասենյակի կողմից` համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում անվճար իրավաբանական օգնության մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի (հոդված 20): «Պետության կողմից երաշխավորված իրավաբանական օգնության մասին» Ղրղզստանի օրենքը նույնպես կարգավորում է այս հիմնախնդիրը: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի թիվ 46/119 հանձնարարականի (ընդունված 1991թ. դեկտեմբերի 17-ին) 18-րդ սկզբունքի 1 կետում նոյնպես նշված է, որ պացիենտը իրավունք ունի անվճար իրավանական խորհրդատվություն ստանալու:

 

Այսպիսով 2014թ. հունվարի 1-ից հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից կդրամադրի իրավական օժանդակություն: Իրավական օժանդակության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել