Շատ հաճախ փաստաթղթում կատարված սխալ գրառման կամ որևէ այլ թյուրիմացության, փաստաթղթերի կորստի հետևանքով հնարավոր չի լինում հաստատել այս կամա այն իրավաբանական փաստը:
Նման դեպքերում ինչպե ՞ս պետք է քաղաքացին օգտվի իր իրավունքներից:
«Ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Աղբյուրը` Իրավաբան.net