Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված 2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ 352,226.5 հազար դրամ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի
ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ՝ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային (տարածքային) համակարգողներ: 2019 թ. ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162 հատով: Խմբակներում և լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին կապահովվի առկա լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, նոր լաբորատորիաների ներդրումը: «Բայց մեր ուղերձը կլինի՝ ինչպես բոլոր մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, մենք գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակենք բնականոն ձևով, բայց կառավարությունը բաց է նաև այլ առաջարկների համար: Այդ նոր առաջարկների տրամաբանությունը, դրանց ֆինանսավորման և գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կրթության ոլորտում կան հրատապ լուծման կարիք ունենող խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է չմտածված որոշումներ կայացնել. «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևողական, մտածված քայլեր:
Վարչապետը ընդգծել է, որ կոռուպցիայի, ընտրակեղծիքների դեմ պայքարը նաև կրթական համակարգում պետք է տեղ գտնի: «Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից պետք է հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվելուց: Այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են մեր պետության, հանրության ապագան։ Երրորդ հանրապետության պատմության մի մեծ շրջանում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէր, որ իշխանությունն իրական հարցերը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի: Մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք: Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական: «Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»- նշել է Նիկոլ Փաշինյանը: