«Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է զգա հակակոռուպցիոն պայքարի բերած օգուտներն իր անձնական կյանքում». ԻՀԱ նախագահը՝ 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին

ՀՀ 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի՝ 2023–2024 թթ. իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,  ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը։

Նրա դիտարկմամբ՝ կատարված մշտադիտարկման արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն, որի պատճառներից մեկն էլ ռազմավարության գործողությունների ծրագրի բավականին ընդգրկուն և բազմաշերտ լինելն է.

«Ես կարծում եմ՝ հախուռն կերպով շատ ուռճացրինք ռազմավարությունը և գործողությունները։ Դա, իրականում, հնարավոր չէ ամբողջությամբ կատարել։ Դրա համար անցյալ տարի Արդարադատության նախարարությանը ներկայացրի, որ մենք կարիք ունենք կրկին անցնելու ռազմավարության վրայով, կրճատել շատ գործողություններ, թողնել հիմնականը, որոնք կարևոր են լինելու»։

ԻՀԱ նախագահը ուշադրություն հրավիրեց նաև փոխհամագործակցության հարցին, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործառույթներին, հակակոռուպցիոն ինստիտուցոնալ համակարգի մարմինների և միջազգային կազմակերպությունների թափանցիկության, հաշվետվողականության և այլ խնդիրների։

Ավելի ուշ Կարեն Զադոյանը հավելեց նաև, որ ԻՀԱ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կարևորում են պետական մարմինների հետ կառուցողական աշխատանքը, աջակցել են կոռուպցիայի դեմ պայքարի գործում․ «Կարծում ենք՝ միայն միասնական ջանքերի շնորհիվ է հնարավոր մեր երկրում արդյունքներ գրանցել։ Հասարակությունը երկար է սպասում արդյունքներին։ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է զգա հակակոռուպցիոն պայքարի բերած օգուտներն իր անձնական կյանքում։ Համատեղ ջանքերով հնարավոր է Հայաստանը դարձնել «մաքուր» երկիր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիային ինչպես միջոցառումը կազմակերպելու, այնպես էլ զեկույցը կազմելու համար։

«Գուցե պետական մարմինների և հանրային հատվածի տեսակետները իրարից տարբերվում են, սակայն քաջ գիտակցում ենք հասարակական կազմակերպությունների, բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը մոնիթորինգի իրականացման շրջանակներում։ Դեռևս 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փուլում ունեցել ենք մասնակցային, ներառական գործընթաց։ Հաշվի են առնվել ՀԿ-ների կարծիքները, այդ թվում՝ ԻՀԱ-ի։ Ընդունել ենք հավակնոտ, հնարավոր է՝ նաև չափից ավելի ծավալուն ռազմավարություն։ Այս պայմաններում խիստ կարևոր է արդյունավետ մոնիթորինգի իրականացումը», – նշեց Քոչարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունն աշխատում է մոնիթորինգի արդյունքների գնահատման և ռազմավարության արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դիանա Սարումովան ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերը հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորման, վերահսկման և արդյունավետության բարձրացման գործընթացում։

«Այսօր արդեն ակնհայտ է, որ պետական կառույցների, բիզնեսի և ՔՀԿ-ների միասնական ու համատեղ աշխատանքը շատ կարևոր է վստահությունը վերականգնելու և ժողովրդավարական համակարգը պահպանելու համար։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի անունից ցանկանում եմ նշել, որ բարեվարքությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կարևոր են ոչ միայն պետական կառավարման, այլ նաև տնտեսական, ներդրումային մթնոլորտի բարելավման և մրցակցային շուկայի ձևավորման համար», – նշեց Սարումովան։

Նրա խոսքով՝ ներկայացվող զեկույցը կարող է տեղեկատվության աղբյուր դառնալ՝ որպես գործիք՝ հասկանալու համար, թե ինչ հաջողությունների ենք հասել և որտեղ դեռ բացեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ գործող ռազմավարության շրջանակներում 5 առանձին ոլորտ կամ ռազմավարական նպատակ է առանձնացված՝

  • կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգերի ամրապնդում,
  • կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործում,
  • հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործում,
  • գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և բիզնես վարչարարության դյուրացում,
  • հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում։

Խոսելով իրականացված աշխատանքի ու մոնիթորինգի նպատակների մասին՝ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ գնահատման է ենթարկվել թվով 69 գործողություն, որոնք պետք է կատարվեին 2023–2024 թթ. ընթացքում։

«69 գործողությունից ամբողջությամբ կատարվել է 21-ը, մեծամասամբ՝ 9, 33-ը դիտարկվել է որպես մասնակի կատարված, և 6-ը՝ չկատարված։ Ընդհանուր ռազմավարության կատարողական ցուցանիշը կազմում է 30.43%», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիաննա Ավագյանը ներկայացրեց ռազմավարության գնահատումը ըստ ոլորտների և ռազմավարական նպատակների։ 5 ոլորտներում ենթակա է իրականացման 69 գործողություն։ Մասնավորապես՝

  • Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգերի ամրապնդում – 21,
  • Կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործում – 15,
  • Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործում – 14,
  • Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-բիզնես վարչարարության դյուրացում – 13,
  • Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում – 6։

«Մշտադիտարկման նպատակն է եղել գնահատել ՀՀ 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի՝ 2023–2024 թթ. իրականացման ենթակա գործողությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ըստ ընտրանքի կատարել որոշ գործողությունների ազդեցության մակարդակի (որակական) գնահատումներ։

Բացի այդ՝ պարզել այն գործողությունները, որոնք կատարվել են, կատարվել են մեծամասամբ, մասնակի կամ չեն կատարվել, դրանց պատճառները, կատարել այդ գործողությունների ընթացակարգային (քանակական) գնահատումներ», – նշեց Մարիաննա Ավագյանը։

Այսպիսով, ընթացակարգային (քանակական) գնահատման կատարողականի ցուցանիշը 2023–2024 թթ. կազմել է 30.43%։ Ըստ վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդի՝ այն կազմել է 44.25%։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի՝ 2023–2024 թթ. իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին իր ելույթում նշեց, որ կատարված աշխատանքի առաջին նպատակը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հիմնահարցերին։

«Դրա շրջանակներում պետք է նշենք, որ այստեղ, ըստ էության, մենք հիմնականում նախատեսել ենք իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք մեծամասամբ կատարված են։ Այդ աշխատանքների արդյունքում մի շարք ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ առկա են մշակված իրավական ակտերի նախագծեր, որոնց մեծ մասը շրջանառվել է, իսկ մի մասը՝ քննարկումների փուլում է», – ասաց նա։

Եփրեմ Կարապետյանի խոսքով՝ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների բովանդակության հետ հաճախ խնդիրներ են առաջանում, որոնք կատարման փուլում լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այնուհետև միջոցառման հյուրերի, փորձագետների և պետական մարմինների ներկայացուցիչների միջև մտքերի փոխանակում տեղի ունեցավ, հնչեցին ներկաներին հուզող մի շարք հարցեր։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել