Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվողների մասնագիտական պատրաստության կազմակերպման մանրամասները: Այսպիսով.
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար նաև կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության Օրյոլի ակադեմիայում, որոնք ռազմաուսումնական հաստատություններ են:
2. ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ Օրյոլի ակադեմիայում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:
3. Ընդունելությանը կարող են մասնակցել ստորև նշված միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական տվյալներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`
– ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.
– միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.
– ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք.
– ավագ դպրոցն ավարտած, 18 տարին լրացած, սակայն օրենքով սահմանված կարգով զինծառայությունից տարկետում ստացած անձինք:
4. Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումը իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:
5. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների արդյունքների հիման վրա`
– ֆիզիկական պատրաստվածության ստուգում` հետևյալ ցուցանիշներով`
– հարցազրույց ռուսերենով.
– անձնային որակների և առանձնահատկությունների թեստավորում․
– ռուսերենի բանավոր և գրավոր թեստավորում.
– հայոց լեզու (գրավոր` թելադրություն).
– մաթեմատիկա՝ ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ և ՊԴԾ Օրյոլի ակադեմիա ընդունվողների համար.
– ֆիզիկա՝ ՌԴ ՊԴԾ Օրյոլի ակադեմիա ընդունվողների համար.
– օտար լեզու (բանավոր)՝ ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար:
6. Դիմումներն ընդունվում են հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք. Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 58 90 89 կամ 010 57 91 77 հեռախոսահամարներով: Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 010 36 35 24: