2018 թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ոչ պետական աշխատատեղերի քանակն ավելացել է մոտ 37 հազարով․ կառավարության զեկույց

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստի ժամանակ հավանություն տվեց 2018 թ․ N581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցին։

Կառավարությունը զեկույցում նշել է, որ հավատարիմ մնալով հեղափոխության հռչակած նպատակներին, վերացրել  է տնտեսական զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատնեշը՝ բիզնես-իշխանություն սերտաճումը և մենաշնորհների գերակայությունը:

Ըստ զեկույցի, կառավարությունը հետևողականորեն դիտարկել, վերհանել և չեզոքացրել է Հայաստանի տնտեսությունում եղած մենաշնորհային արհեստական դրսևորումները: Տնտեսական ազատությունների և մրցակցության բարելավման տեսանկյունից Հայաստանն աննախադեպ առաջընթաց է արձանագրել: Պատկան գերատեսչությունների հաշվետվություններով՝ մենաշնորհների դեմ պայքարի շնորհիվ որոշ դեպքերում նույնիսկ մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսվարողների շուկայի մասնաբաժինները:

«Օրինակ, 2018 թ. Վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%,  նախկին 95%-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 30%, նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29%,  նախկին 43%-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%, նախկին 51%-ի փոխարեն: Մրցակցությունն ու հավասար հնարավորություններն տնտեսական դաշտի արդեն անվիճարկելի հենասյուներն են: Տնտեսության ոլորտում կառավարությունը դիրքավորվել է որպես արդարության և ազնիվ մրցակցության անաչառ երաշխավոր: 2018 թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ոչ պետական աշխատատեղերի քանակն ավելացել է մոտ 37 հազարով: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նույն ժամանակահատվածում ստվերից դուրս է բերվել առնվազն 30 հազար աշխատատեղ»,-նշվել է զեկույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել