Վարչապետը հանձնարարել է բացահայտել այն մարդկանց, ովքեր ամիսը 100 հազար դրամ վարկ են մուծում և միաժամանակ օգտվում սոցիալական նպաստների համակարգից

Կարող եմ արձանագրել, որ քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման մասին:

Նա նշեց, որ, իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի միջոցառումների իրականացման ցանկը, սակայն այն պետք է տարանջանտել տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:

Նիկոլ Փաշինյանը տվեց իր հանձնարարականները:

  1. Վերանայել մինչև այս ներկայացված ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բայացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները,
  2. Պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի էլեկտրաէներգիայի, կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,
  3. Արագացնել Ներդրումնային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի իրականացումը,
  4. Բացվում է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ժամանակաշրջանը. մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից,
  5. Հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով,
  6. Արագ բացահայտել այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միաժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից,
  7. Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել,
  8. Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ նշակել,
  9. Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան,
  10. Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը. այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ,
  11. Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավվումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում,
  12. Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքի ծավալները մեծացնելու համար,
  13. Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,
  14. Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեախնիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,
  15. Պատրաստվել պտուղբանջարեղենի արտահանման սեզոնին. համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր, պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին կառավարության ձեռքի տակ կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնց մի մասը իրականանալի է, մյուս մասը՝ ոչ:

«Ներդրումների վերաբերյալ ընթացող բանակցությունների ամբողջ տեղեկատվությունը պետք է կենտրոնանա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ առանց դրա կարգավիճակը փոխելու»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել