Կարող եմ արձանագրել, որ քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման մասին:
Նա նշեց, որ, իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի միջոցառումների իրականացման ցանկը, սակայն այն պետք է տարանջանտել տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:
Նիկոլ Փաշինյանը տվեց իր հանձնարարականները:
- Վերանայել մինչև այս ներկայացված ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բայացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները,
- Պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի էլեկտրաէներգիայի, կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,
- Արագացնել Ներդրումնային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի իրականացումը,
- Բացվում է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ժամանակաշրջանը. մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից,
- Հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով,
- Արագ բացահայտել այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միաժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից,
- Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել,
- Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ նշակել,
- Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան,
- Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը. այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ,
- Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավվումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում,
- Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքի ծավալները մեծացնելու համար,
- Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,
- Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեախնիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,
- Պատրաստվել պտուղբանջարեղենի արտահանման սեզոնին. համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր, պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին կառավարության ձեռքի տակ կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնց մի մասը իրականանալի է, մյուս մասը՝ ոչ:
«Ներդրումների վերաբերյալ ընթացող բանակցությունների ամբողջ տեղեկատվությունը պետք է կենտրոնանա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ առանց դրա կարգավիճակը փոխելու»,-նշեց նա: