Վարչական դատարանը դիմում է ներկայացրել սահմանադրական դատարան (ՍԴ)՝ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կետը սահմանում է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝ դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը:
Նշենք, որ այս որոշումը վարչապետի կողմից ստորագրվել է 2014 թվականի մարտի 27-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 3-ից:
Դիմողը՝ վարչական դատարանը, կարծում է, որ վերոնշյալ դրույթը հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին (Խտրականության արգելքը), քանի որ խտրական մոտեցում է նախատեսում մի կողմից այն հայր ծնողների նկատմամբ, որոնց նախորդ ամուսնությունից ծնված երեխաներն անչափահաս տարիքում բնակվել են իրենց հետ, իրենք են իրականացրել այդ երեխաների խնամքը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա (քանի որ առկա չի եղել ծնողների միջև փոխադարձ համաձայնություն), և մյուս կողմից՝ այն հայր ծնողների նկատմամբ, որոնց նախորդ ամուսնությունից ծնված երեխաներն անչափահաս տարիքում բնակվել են իրենց հետ, իրենք են իրականացրել այդ երեխաների խնամքը՝ երեխաների մոր հետ փոխադարձ համաձայնությամբ (ուստի բացակայել է դատական կարգով հարցը լուծելու, հետևաբար՝ նաև դատական ակտի անհրաժեշտությունը):
Ըստ դիմողի՝ վիճարկվող նորմով խտրական վերաբերմունք է դրսևորված նաև հայր և մայր ծնողների միջև՝ վերջիններիս սեռով պայմանավորված, քանի որ, կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները` բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից:
Դիմողը գտնում է, որ Կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթից բխում է, որ մայրը, որը փոխադարձ համաձայնությամբ չի իրականացրել նախորդ ամուսնության ընթացքում ծնված երեխաների խնամքը, նոր ամուսնության ընթացքում երեխա ունենալու դեպքում կարող է հավակնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի ավելի մեծ չափի գումար ստանալուն, քանի որ նոր ամուսնության ընթացքում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում իրենից սերված և նախորդ ամուսնությունից ծնված երեխաները, նույնիսկ այն դեպքերում, երբ այդ երեխաների խնամքին ինքը չի մասնակցել, իսկ հայր ծնողը, որն իրականացրել է նաև այդ կնոջից ծնված երեխաների խնամքը, նոր ամուսնության ընթացքում երեխա ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի ավելի մեծ չափի գումար ստանալուն չի կարող հավակնել, քանի որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս չեն կարող հաշվի առնվել նախորդ կնոջից ծնված երեխաները, քանի որ, թեև ինքն է փաստացի իրականացրել այդ երեխաների խնամքը, սակայն բացակայում է դրա վերաբերյալ դատական ակտը:
Դիմողը նշում է, որ ընտանեկան օրենսգրքով նախատեսված կարգավորումների պայմաններում չեն բացառվում դեպքեր, երբ ամուսնալուծությունից հետո երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը ծնողների փոխադարձ համաձայնությամբ իրականացնի հայրը, որի հետ էլ բնակվեն երեխաները, իսկ համաձայնության առկայության պայմաններում դատական ակտի անհրաժեշտությունն առհասարակ բացակայում է:
Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավված կառավարությունը:
Պատասխանողը նշում է, որ կան դեպքեր, երբ ծնողների ամուսնալուծությունից հետո երեխաների հաշվառումը չի փոխվում: Նման դեպքերում ստեղծվում է իրավիճակ, երբ նոր ծնված երեխայի հորից սերված՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա երեխաները շարունակում են հոր հետ միևնույն բնակության վայրում հաշվառված մնալ, սակայն այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է մայրը: Այսինքն, հոր երկրորդ ամուսնությունից հետո ստեղծված ընտանիքը չէ, որ իրականացնում է նոր ծնված երեխայի և այդ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը:
Հաշվի առնելով նման իրավիճակի առկայության հնարավորությունը և նպատակ ունենալով երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն բխեցնելու նրա լավագույն շահերից՝ պատասխանողը գտնում է, որ անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ կարգավորումներ՝ հստակ որոշելու համար այն ընտանիքը, որն իրականացնում է թե՛ նոր ծնված երեխայի և թե՛ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը:
Պատասխանողը պնդում է, որ «երեխայի խնամքը հորը հանձնված լինելը կարող է հավաստվել միայն դատական ակտով» ուղղակի պահանջի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ, նախ՝ գործնականում ավելի հաճախ հանդիպում են մոր կողմից երեխային խնամելու դեպքերը ծնողների ամուսնալուծության դեպքում, և ապա՝ միայն դատական ակտով կարող է անառարկելիորեն որոշվել այն հարցը, թե ով է իրականում եղել երեխայի խնամքով զբաղվող ծնողը:
Պատասխանողի կարծիքով վիճարկվող նորմում դատական ակտի առկայությամբ պայմանավորված խտրականությունն արդարացված է՝ որպես իրավաչափ նպատակ իր հիմքում ունենալով երեխայի ծնողներից մեկի հետ բնակվելու փաստի բացահայտման անհրաժեշտությունը:
Սահմանադրական դատարանը անդրադառնալով հարցին, իր իրավական դիրքոորշումներում նշել է, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Հետևաբար՝ ցանկացած նոր ծնված երեխա, անկախ որևէ հանգամանքից իրավունք ունի ստանալու միանվագ նպաստ, իսկ պետությունն իր հերթին պարտավոր է այն տրամադրել երեխայի ծնողներին կամ ծնողին՝ հորը կամ մորը, կամ օրինական ներկայացուցիչներին, կախված կոնկրետ իրավիճակից:
Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համապատասխան՝ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե դատարանի որոշմամբ նրանց խնամքը հանձնվել է նոր ծնված երեխայի հորը: Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ դրույթը լրացվել է Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1178-Ն որոշմամբ և նախկինում չի գործել:
«Պետական նպաստների մասին» օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքն ամրագրող 24-րդ հոդվածի համաձայն` երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու իրավունք ունեն ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան բնակվում են (հաշվառված են) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Օրենքը չի նշում, թե կոնկրետ ո՛ր ծնողը, ուստի ինչպես մայրը, այնպես էլ հայրն օժտված են վերը նշված նպաստի համար դիմելու և այն ստանալու իրավունքով:
Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ճշտում է նոր ծնված երեխայի ծնողի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու կամ նշանակումը մերժելու մասին:
Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իրավական նորմերի աստիճանակարգության պահպանման տեսանկյունից օրենքներն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:
Սահմանադրական դատարանը նշում է, որ կառավարությունը, փոխելով որոշման համապատասխան դրույթը, լրացնելով ու սահմանելով դատարանի որոշում ներկայացնելու պահանջը, նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր չարաշահումներից և բացառել այն դեպքերը, երբ ավելի մեծ չափի նպաստ կարող է ստանալ ծնողը, որը փաստացի չի իրականացրել նախորդ ամուսնությունից ծնված երեխաների խնամքը:
Որոշման համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները հաշվի են առնվում միայն այն դեպքում, եթե վերջիններիս խնամքը նոր ծնված երեխայի հորը հանձնվել է դատարանի որոշմամբ։
Փաստացի, սույն սահմանադրաիրավական վեճը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս տարբերակված մոտեցում դրսևորելուն՝ կախված այն հանգամանքից, թե նոր ծնված երեխայի հորից սերված մյուս երեխաների և զավակների խնամքը նոր ծնված երեխայի հորը հանձնվել է դատարանի որոշմամբ, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, թե՞ խնամատարության պայմանագրի հիման վրա:
ՍԴ-ն արձանագրում է, որ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ երեխայի ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան, ինչպես նաև՝ նույն հոդվածի 3-րդ մասի համապատասխան, ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը դատարանը որոշում է այդ մասին ծնողների միջև համաձայնության բացակայության պարագայում։ Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները:
Այսպիսով, գործող օրենսդրական կարգավորումներից բխում է, որ երեխայի խնամքը նրա ծնողներից մեկին կարող է հանձնվել կա՛մ ծնողների համաձայնությամբ, կա՛մ դատարանի որոշմամբ: Հետևաբար, դատարանի որոշումը երեխայի խնամքը հորը հանձնված լինելու վերաբերյալ, ըստ էության, լրացուցիչ փաստաթուղթ է, որը պետք է ներկայացվի ըստ անհրաժեշտության, այն դեպքում, երբ բացակայում է ծնողների համաձայնությունը։
Մինչդեռ, քննության առարկա ենթաօրենսդրական ակտից հետևում է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի հորից սերված այն երեխաները և զավակները, որոնց խնամքը հանձնվել է հորը՝ միայն դատարանի որոշմամբ, և հաշվի չի առնվում օրենքով նախատեսված՝ խնամքի հանձնման այնպիսի եղանակը, ինչպիսին է ծնողների փոխադարձ համաձայնությունը:
Արդյունքում ստացվում է, որ օրենսդիրն ամրագրել է երեխաների խնամքը ծնողներից մեկին կամ մյուսին կամ այլ անձի հանձնելու մեկից ավելի եղանակ, սակայն Կառավարությունը նպաստ ստանալու իրավունքի ծագումը կապում է այդ եղանակներից բացառապես մեկի՝ խնամքը հորը հանձնելու մասին դատարանի որոշման հետ:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը հունվարի15-ին որոշել է կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր։
Որոշումը ուժի մեջ մտել հենց հրապարակման օրը, հունվարի 15-ին:
Եվգենյա Համբարձումյան