Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրում է, որ դատարանը քիչ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր,որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նշենք, որ քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: