Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենը կկալանավորվի. ՔԿ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրում է, որ դատարանը քիչ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր,որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նշենք, որ քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարում Նաիրա Հարությունյանն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել